ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատել է և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Դատարանը որոշում է կայացրել պաշտպանության կողմի ներկայացված բողոքի հիման վրա։
«Չարչյանը կշարունակի մնալ ազատության մեջ»,- հավելել է փաստաբանը։
2023-ի փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Չարչյանին մեղադրանք են ներկայացրել, որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել էր 2023-ի փետրվարի 9-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։ Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն էր տվել:
2023-ի հոկտեմբերին Չարչյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։