Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն ընդունել է կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը, իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։
Նրա խոսքով՝ Լիբանանի, Եմենի կամ Իրանի հետ ոչ մի համաձայնություն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, քանի դեռ Պաղեստինի հարցը չի լուծվել։
«Հեզբոլլահը միայնակ չի որոշել: Լիբանանի ժողովուրդը որոշել է, որ Իսրայելի հետ համաձայնության գալն իրենց շահերից է բխում, և մենք ուրախ ենք դրանով, քանի որ չենք նպաստել Իսրայելի կողմից Լիբանանի ոչնչացմանը»,- ասել է Նաիմը:
Ըստ լրատվականի՝ «Համասը» կշարունակի պայքարել «Իսրայելի կողմից ճնշված պաղեստինցի ժողովրդի համար»: Սակայն շարժումը պատրաստ է նահանջել, եթե իր անդամների ներկայությունը կխանգարի երկրի վերականգնմանը հակամարտության ավարտից հետո:
Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի պլանը։ Կարճ ժամանակ անց Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և Հեզբոլլահի միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունը իրենց տարածքի նկատմամբ 60 օրվա ընթացքում:
Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերից ի վեր ամեն շաբաթ զոհվում է մոտ 250 մարդ։
Նոյեմբերի 25-ին Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: