Հայաստանի տարածքում եղանակային պայմանների պատճառով կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները՝ բեռնատար ավտոմեքենաների համար:
Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։
Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին և Սևանի ՃՈ հենակետից դեպի Դիլիջանի թունել ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք է:
Փկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տվել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային վատ պայմանների պատճառով փակվել էր նոյեմբերի 26-ին։