ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հավանություն է տվել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նախագծին։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։
«Հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր»,- ասված է նախագծում։
Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն 2022 թվականի դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպմանը պայմանավորվել էին վերականգնել երկու երկրների միջև դիվանագիտական լիարժեք հարաբերությունները։
Երևանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ 2012 թվականի օգոստոսի 31-ին, քանի որ 2004 թվականի փետրվարի 19-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի իշխանությունների որոշմամբ արտահանձնվել էր Ադրբեջանին։ Սաֆարովին Ադրբեջանում ներում էին շնորհել։
Դիվանագիտական հարաբերությունները վերականագնելու հայտարարությունից հետո՝ 2022-ի մայիսին, Միրզոյանը հայտարարել էր, որ «Հայաստանը չի փոխել Մարգարյանի սպանության առնչությամբ իր գնահատականը»:
2023-ի մայիսին Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնակատար Աշոտ Սմբատյանը միաժամանակ նշանակվել էր Հունգարիայում ՀՀ դեսպան։