Հայաստանում նոյեմբերի 15-ից մարտի 31-ը վարորդներին արգելվել է ամառային անվադողերով երթևեկել։ Արգելքը վերաբերում է մինչև 3,5 տոննա քաշով մարդատար և բեռնատար մեքենաներին։
Որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 28-ի նիստում և ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 10-ից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ ծրագրի նպատակն է բարձրացնել ճանապարհային անվտանգության մակարդակը և նվազեցնել անբարենպաստ եղանակային պայմաններում պատահարների դեպքերը։
«Հանրապետությունում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից են նաև վարորդների կողմից եղանակին պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը։ Ներկայում գործող ճանապարհային երթևեկության կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը»,- պարզաբանել է նախարարը։
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանքը կկազմի 5 հազար դրամ, իսկ եթե ավտոմեքենան վթարի ենթարկվի՝ 20 հազար դրամ։ Ամռանը կարգելվի մեքենաների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակավոր հակասահքային անվադողեր։
Հայաստանում ձմեռային անվադողերի գները միջինում տատանվում է 40-118 հազար դրամի սահմաններում (100-300 դոլար), համաձայն նման անվադողերի վաճառքի ինտերնետային կայքերի բաց տվյալների։
Վարորդների համար ձմեռային անվադողերի տեղադրումը կարող է արժենալ 158 հազար դրամ (400 դոլար), ինչը 32 անգամ ավել է սեզոնին դրանք չունենալու նվազագույն տուգանքից։