Լեհաստանը դիտարկում է ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների թվի ավելացման հարցը, «Լուրերի» փոխանցմամբ՝ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կայունացնել առաքելությունը, որը հաջողություններ է արձանագրում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու գործում:
«Լեհաստանը մասնակցում է այդ առաքելությանը և դիտարկում է իր ներկայացուցիչների քանակի ավելացման հարցը։ Հայաստանում հանդիպել եմ մեր ներկայացուցիչների, ինչպես նաև՝ EUMA-ի ղեկավար Մարկուս Ռիտերի հետ»,- ասել է Դուդան:
Լեհաստանի նախագահը նշել է նաև, որ COP29-ի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:
«Ասացի, որ պատրաստվում եմ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և խնդրեցի նրան ներկայացնել իր տեսակետը կոնֆլիկտային հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում քննարկվում են։ Բարեբախտաբար, խաղաղության գործընթացը, այդ կոնֆլիկտային հարցերի լուծումն առաջընթաց են ապրում։ Բարդ է, բայց այդ գործընթացն առաջ է շարժվում»,- ասել է Դուդան։
Նոյեմբերի 25-ին Լեհաստանի նախագահը կնոջ՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդայի հետ ժամանել էր Հայաստան։ Դուդան այցելել էր հայ-ադրբեջանական սահման և ծանոթացել ԵՄ առաքելության գործունեությանը։
Նոյեմբերի 26-ին Դուդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Լեհաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանին եվրոպական ընտանիքին միանալուն ավելի մոտեցնելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի նախագահին էր ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։
Նոյեմբերի 27-ին ադրբեջանական կողմը դժգոհություն էր հայտնել Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի կապակցությամբ՝ սպառնալով «դիվանագիտական միջոցներ» կիրառել։