Լեհաստանի նախագահի կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան, Երևանում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ, հայտնում է Լեհաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Արցախցիները Կորնհաուզեր-Դուդային պատմել են ռազմական հակամարտության իրենց անձնական փորձի, Հայաստան տեղափոխվելու և նոր կյանքին հարմարվելու անհրաժեշտության մասին։ Հանդիպմանը մասնակցել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ով խոսել է բռնի տեղահանվածներին աջակցելու Հայաստանի իշխանությունների քայլերի մասին։
Կորնհաուզեր-Դուդան հանդիպել է նաև «Առաքելություն Հայաստան» կազմակերպության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի 25-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ ժամանել էր Հայաստան։ Նոյեմբերի 26-ին Դուդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Լեհաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանին եվրոպական ընտանիքին միանալուն ավելի մոտեցնելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի նախագահին էր ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։
Նոյեմբերի 27-ին Դուդան այցելել էր հայ-ադրբեջանական սահման և ծանոթացել ԵՄ առաքելության գործունեությանը։ Ադրբեջանական կողմը դժգոհություն էր հայտնել Դուդայի այցի կապակցությամբ՝ սպառնալով «դիվանագիտական միջոցներ» կիրառել։