Փողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է տեղի ունենա, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին ներկայացնելու ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ փողը ոչ ավել, ոչ պակաս կառավարման գործիք է և պետք չէ փողի նկատմամբ ո՛չ նեգատիվ վերաբերմունք ձևավորել և ո՛չ էլ հակառակը՝ պաշտամունք դարձնել։
«Ամենատեսանելի ցուցիչն այն է, թե երկրում որքան փող է գեներացվում: Ինչո՞վ է կառավարությունը տարբերվում մարդկանց այլ խմբից, ընդամենը մի բանով. պարզ է՝ օրենսդրության և այլ հանգամանքների բերումով երկրում ամենամեծ դրամական միջոցները կառավարելու հնարավորությունն է, եթե օրինակ՝ երկրում լինի ավելի մեծ դրամական միջոցներ կառավարելու հնարավորություն ունեցող խումբ՝ կառավարությունը և պետությունը՝ որպես այդպիսին, անխուսափելիորեն կգնա դեպի անկման»,- նշել է նա։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ՊԵԿ-ում էական փոփոխություններ են տեղի ունեցել։
Նոյեմբերի 28-ին կառավարությունը հաստատել էր Հակոբյանի թեկնածությունը ՊԵԿ նախագահի պաշտոնում։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։