ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հելսինկիում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ Միրզոյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը, ՀՀ քաղաքացիների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից են։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես նաև ԵՄ-ի հետ ՀՀ ընդլայնվող կապերը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հիմնական բաղադրիչներին։
Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել նաև Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ։
Հուլիսի 19-ին Ֆինլանդիայի նախագահը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էր ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի ապագա ղեկավարման հարցը։ Ֆինլանդիան ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի 2025 թվականին։