Իսրայելի զինված ուժերը մի քանի անգամ խախտել են Լիբանանում հրադադարի մասին պայմանավորվածությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով լիբանանյան բանակի մամուլի ծառայությանը։
«2024 թվականի նոյեմբերի 27-ին և 28-ին Իսրայելը մի քանի անգամ խախտել է հրադադարի պայմանավորվածությունը, այդ թվում՝ օդային տարածքում և տարբեր տեսակի զինատեսակներով հարձակվել Լիբանանի վրա»,- նշվում է տեքստում։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականներն «ահաբեկչական գործունեություն» են հայտնաբերել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության հրթիռների պահեստում, որից հետո օդային հարված է հասցվել այդ օբյեկտին։ Սա առաջին հարվածն է Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ»-ին՝ կողմերի միջև հրադադարի մեկնարկից հետո։
Նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ էր մտել ռազմական գործողությունների բռնկումից հետո Իսրայելի և Լիբանանի միջև առաջին զինադադարի մասին համաձայնագիրը։
Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ՝ 60 օրվա ընթացքում: Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը:
Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերից ի վեր ամեն շաբաթ զոհվում է մոտ 250 մարդ։
Նոյեմբերի 25-ին Reuters-ը հայտնել էր, որ Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: