Իսրայելը խստորեն հետևում է Լիբանանի հետ հրադադարի ռեժիմին և, միևնույն ժամանակ, վճռականորեն արձագանքում «Հըզբոլլահ» շարժման կողմից ցանկացած խախտման, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Խստորեն հետևում ենք հրադադարի մասին համաձայնագրին, և ցանկացած խախտում անմիջապես առաջացնում է վճռական արձագանք Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։ Այդպես էր և այդպես կլինի։ Կշարունակենք ապահովել Իսրայելի անվտանգությունը»,- զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է Նեթանյահուն։
Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ՝ 60 օրվա ընթացքում: Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը:
Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերից ի վեր ամեն շաբաթ զոհվում է մոտ 250 մարդ։
Նոյեմբերի 25-ին Reuters-ը հայտնել էր, որ Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: