Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Վլադիմիր Գևորգյանն Armenia Today-ի հետ հարցազրույցում գնահատել է ՀՀ քաղաքացիների կողմից մուտքի արտոնագրեր ստանալու իրավիճակը։
Առաջին և գլխավոր խնդիրը, ըստ նրա, վիզաների կենտրոններում գրանցվելու հնարավորության բացակայությունն է։ Փորձագետը նշել է, որ առնվազն 7-9 ամիս առաջ պետք է դիմել հյուպատոսություններ, ինչը, ըստ նրա, աբսուրդի ժանրից է։
«Խնդիրներ ունենք դեսպանատների ու վիզա կենտրոնների կողմից տրամադրվող վիզաների բարդ գործընթացի հետ։ Օրինակ, դեսպանատներում օր ամրագրելուց հետո նույնիսկ երկարատև ժամանակ մեր քաղաքացիները չեն կարողանում ստանալ իրենց անձնագրերը։ Մյուս խնդիրն այն է, որ քաղաքացին չի կարողանում կանխատեսել իր այցը տվյալ երկիր, քանի որ ստիպված է ամիսներ առաջ գրանցվել դեսպանատանը։ Օրինակ, եթե Ամանորի առթիվ ցանկանում է այցելել հատկապես ԵՄ որևէ երկիր, նա պետք է 6-7 ամիս առաջ դիմի, որպեսզի հասցնի։ Եվ այստեղ առաջանում է երկրորդ հարցը՝ կստանա՞, թե՞ չի ստանա վիզա»,- ասել է փորձագետը։
Նա նշել է, որ, օրինակ, Չեխիայի մուտքի արտոնագիր ստանալու համար պետք է գրել նամակ, որից հետո հյուպատոսությունը վիճակահանության միջոցով է ընտրում է, թե ում դիմումն է հաստատվել։ Գևորգյանի խոսքով՝ մեկ-երկու տարի առաջ նման խնդիրներ չկային։
«Նախկինում վիզաների հետ կապված գործընթացն ընդամենը մեկ-երկու ամիս էր պահանջում, նույնիսկ՝ շաբաթներ։ Վերջին տարիներին բարդացած գործընթացի մասին բարձրաձայնում ենք, բայց լուծում չի ստանում։ Ընդհակառակը՝ երբեմն ավելի են բարդացնում և դժվարացնում»,- նկատել է փորձագետը։
Գևորգյանն ընդգծել է, որ եվրոպական տարբեր երկրների դեսպանատներն ու հյուպատոսարանները Երևանում տարբեր մեխանիզմներ են կիրառում ՀՀ քաղաքացիների դիմումները դիտարկելիս: Երբեմն նաև անհասկանալի է վիզայի հայտերի հաստատումների կամ մերժումների հիմնավորումների տրամաբանությունը:
Փորձագետը կարծում է, որ խնդրի լուծումը կլինի վիզաների կենտրոնների և հյուպատոսությունների աշխատանքն այնպես կարգավորելը, որ 1-2 ամսվա ընթացքում ամբողջությամբ լուծվի վիզա և մուտքի արտոնագիր ստանալու գրանցման հարցը։ Նա նաև համարում է, որ թյուրիմացությունից խուսափելու նպատակով դեսպանատները պետք է հստակ նշեն, թե որ դեպքում են վիզայի դիմումը մերժելու:
Եթե զբոսաշրջիկը 1 երկրի մուտքի արտոնագիր ունի, փորձագետի խոսքով, երկիր մուտքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար չպետք է թռչի այլ երկիր, քանի որ սահմանապահները կարող են թույլ չտալ նրա մուտքն այն երկիր, որի վիզան իրեն տրամադրել են։
Նա նշել է նաև Հայաստանի քաղաքացիների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան երկրների թոփ հնգյակը։
Նրա խոսքով՝ Եգիպտոսը և ԱՄԷ-ն ավելի մատչելի ուղղություններ են, քան եվրոպական երկրները, որոնք ցանկալի հնգյակում են, բայց այդ ուղղություններով ճանապարհորդությունները բարդանում են վիզաների պատճառով: ԵՄ այդպիսի երկրների թվում են Իտալիան, Իսպանիան, Հունաստանը։
Գևորգյանը խոսել է նաև մեր երկրում զբոսաշրջության առանձնահատկությունների, ներգնա տուրիզմի գրավչության բարձրացման հնարավորությունների մասին: Նա հայտարարել է Հայաստան օտարերկրացի զբոսաշրջիկների համար հյուրանոցային ծառայությունների գների բարձրացման միտումների մասին՝ կապված դրամի արժևորման հետ։ Փորձագետը հայտարարել է ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտության մասին, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան Հայաստանի մարզերում անցկացնել իրենց ժամանցը: Նա կարևոր է համարել ընտանեկան հանգստի համար ենթակառուցվածքների ստեղծումը։
Փորձագետը Հայաստանից հանգստի մեկնել պատրաստվող քաղաքացներին զգուշացրել է նաև խաբեությունների ռիսկի մասին։
«Գրեթե ամեն տարի, հատկապես հանգստի սեզոնին՝ ամռանը և ձմռանը, ունենում ենք դեպքեր, երբ զբոսաշրջային ընկերությունները մարդկանց հանգիստը կազմակերպելու գումարները գանձում են և անհետանում: Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մեր քաղաքացներն ուղղակի չեն կարողանում մեկնել հանգստի կամ մեկնում են հանգստի, բայց չեն կարողանում հյուրանոց մուտք գործել։ Սա արդեն ավանդաբար տարածված խնդիր է, որի մասին բարձրաձայնել ենք»,- ասել է նա։
Գևորգյանը հուսով է, որ խնդիրը կլուծվի, երբ զբոսաշրջային ընկերությունները լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ կդառնան։
«Օրենքի գործարկման համար անհրաժեշտ են կառավարության որոշումներ, որով կսահմանվեն ընկերության մինիմալ պահանջները, որով, օրինակ, ընկերությունները, որոնք չունեն գրասենյակ, բանկային երաշխիք և մի քանի այլ պայմաններ, չեն կարողանա գործունեություն ծավալել։ Յուրաքանչյուր ֆինանսական երաշխիքի դեպքում զբոսաշրջիկը կկարողանա իր գումարները գոնե հետագայում հետ ստանալ։ Մինչ այդ կարգի գործարկումը, խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին զգույշ լինել։ Եթե կտեսնեն, որ շուկայականից ակնհայտ ցածր գնով և գայթակղիչ առաջարկներ են արվում, թող չհամաձայնվեն, դրանք կարող են խայծ լինել»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։