Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Սիրիայի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու Թեհրանի պատրաստակամության մասին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Փեզեշքիանը հաստատել է, որ Իրանը լիովին մերժում է Սիրիայի միասնությունն ու կայունությունը խաթարելու բոլոր փորձերը»,- ասված է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված տեքստում։
Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է «Իրանի պատրաստակամությունը Սիրիային տրամադրել ամեն տեսակի աջակցություն՝ ահաբեկիչներին ոչնչացնելու և նրանց հովանավորների ու աջակիցների ծրագրերը խափանելու համար»:
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը գտնվում է Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Սիրիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։