Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը։
Որոշումը կոլեգիան կայացրել է դեկտեմբերի 3-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած նիստում։
Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր էր նոյեմբերի 28-ից՝ դատախազի նախկին տեղակալ Արթուր Պողոսյանի՝ Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին կառավարության նիստում քննադատել էր իրավապահ մարմինների աշխատանքը և ասել, որ իրեն չի բավարարում երկրում տիրող հանցավորության մակարդակը, իր «համբերության բաժակը լցվել է», և ինքը կկատարի համապատասխան որոշումներ։ Վարչապետի քննադատությանը հաջորդել էր նոյեմբերի 18-ին իրավապահ մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը։
Հրաժարական էին տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Իր պաշտոնը լքել էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նոյեմբերի 18-ին Փաշինյանը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։ Նոյեմբերի 22-ին վարչապետը ներկայացրել էր պաշտոնյաների վերջին հրաժարականների մանրամասները և հաստատել, որ դրանք կատարվել են SMS հաղորդակցության միջոցով։ Նա կադրային փոփոխություններն անվանել էր «ոչ թե հակասական, այլ աշխատանքային»՝ նշելով, որ բարձր է գնահատում պաշտոնաթող պաշտոնյաների աշխատանքը։