Հալեպում հեռախոսային կապերը դադարեցվել են ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հեռահաղորդակցության ենթակառուցվածքի վրա հարձակումներից հետո, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Սիրիական Տելեկոմը ստիպված է տեղեկացնել Հալեպի նահանգի բնակիչներին կենտրոնական և հյուսիսային շրջաններում հեռախոսային կայանների վրա ահաբեկչական հարձակումների հետևանքով կապի դադարեցման մասին»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը սիրիական Syrian Telecom ազգային օպերատորի հայտարարությունը Facebook-ում։
Այսօր Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն ասել էր, որ Հալեպում 10-12 հազար հայ կա և այս պահին հայերի տարհանում հնարավոր չէ։
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում է: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։
Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։