«Ազգային առաջընթաց» կուսակցությունը մտադիր է նախաձեռնել քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանն ավագանու անդամների հետ քննարկումներ է անցկացնում, որպեսզի անհրաժեշտ 33 ստորագրություն հավաքեն՝ հարցն ավագանու օրակարգ մտցնելու համար»,- թերթին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Պեդրո Զարոկյանը։
Ըստ Զարոկյանի՝ եթե ավագանու անդամները համաձայնության գան, ապա տարեվերջին հարցը նիստի օրակարգ կմտնի:
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչ, ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը թերթին հայտնել է, որ կուսակցութունը կքննարկի հարցը Մարությանի հետ, միևնույն ժամանակ շեշտել է՝ պետք է գործընթացն սկսելուց առաջ ճիշտ հաշվարկներ անել, ռեսուրսները գնահատել:
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նշել է, որ կսպասեն «Ազգային առաջընթաց» կուսակցության վերջնական որոշմանը։
Երևանի ավագանու նիստում քաղաքապետին ուղղված մեղադրանքներից հետո վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մարությանը հոկտեմբերի 11-ին հայտարարել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին։