ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հրապարակում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հիշատակի և սգո այս օրը Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին։
«36 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին, սարսափելի երկրաշարժն ավերեց Հայաստանի հյուսիսը։ Հիշատակի և սգո այս օրը Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցը։ Ամեն տարի այս օրը եկեղեցիներում կազմակերպվում են հոգեհանգստյան արարողություններ, մարդիկ այցելում են գերեզմաններ՝ հարգելու զոհերի հիշատակը, իսկ Սպիտակում հարյուրավոր մարդիկ հավաքվում են հուշարձանների ու կոթողների մոտ, ծաղիկներ դնում և կիսվում ողբերգական հիշողություններով։
Ավերիչ երկրաշարժը խլել է 25 հազար կյանք։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ, Լենինականում (այժմ՝ Գյումրի)՝ 9 բալ, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր) 8 բալ՝ 12 բալանոց սանդղակով։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել էին նաև Երևանում և Թբիլիսիում։
Armenia Today-ի «Սպիտակ. ողբերգությունից 35 տարի անց» նախագիծը պատմում է այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում են մի քաղաքում, որը ջնջվել էր երկրի երեսից 20-րդ դարի ամենաավերիչ երկրաշարժերից մեկի արդյունքում։ Ավելին՝ կարդացեք մեր նյութում։