Իսրայելի ռազմական ավիացիան հարված է հասցրել Սիրիայի հարավում գտնվող սպառազինության պահեստին, ավիահարձակումն ուղեկցվել է մի շարք պայթյուններով, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Նշվում է, որ Իզրա քաղաքի մոտակայքում ռմբակոծության է ենթարկվել զենքի պահեստը, որը պատկանել է սիրիական բանակին։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զենքի պահեստը գտնվում է Դամասկոսից 70 կմ հարավ գտնվող Դերաա նահանգում:
New York Times-ը, հղում անելով իսրայելցի երկու պաշտոնյայի, գրել է, որ Գոլանի բարձունքների շրջանում Իսրայելի բանակը դուրս է եկել Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտուց, որտեղ դեկտեմբերի 8-ին զորք էր տեղակայել։
Պաշտոնյաների տվյալներով՝ Գոլանի սահմաններից դուրս իսրայելական զորքերի վերատեղակայումը կապված Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի՝ երկիրը լքելու հետ, ինչը կարող է տարածաշրջանում անկայունության ուժեղացման հանգեցնել։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։