Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը կարող է ձերբակալվել ապստամբության (պետական դավաճանություն) հատկանիշներով հարուցված գործով, որի հետաքննության շրջանակում իրավապահ մարմիններն արգելել են Ներքին գործերի նախկին նախարար Լի Սան Մինին հեռանալ երկրից, գրել է Yonhap գործակալությունը։
Նշվում է, որ ՆԳ նախկին նախարարը հրաժարական էր տվել դեկտեմբերի 7-ին։ Ըստ աղբյուրի՝ երկրից դուրս գալն արգելված է նաև Պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյոնին, գործով հարցաքննվել են բարձրաստիճան նախկին այլ պաշտոնյաներ։
Բարձրաստիճան ծառայողների նկատմամբ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության վարչությունը հնարավոր է համարել նախագահի ձերբակալությունը։
«Իրավական միջոցներ կարող են ձեռնարկվել անկախ կասկածյալի պաշտոնից»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Դեկտեմբերի 3-ի երեկոյան Յուն Սոկ Յելը խորհրդարանական ընդդիմության գործողությունների՝ գործադիր իշխանությունը կաթվածահար անելու դեմ պայքարի նպատակով ռազմական դրություն Էր մտցրել, որը չեղարկվել էր շուրջ 6 ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չկային: Ավելի ուշ ոստիկանությունն ու դատախազությունը նախագահի նկատմամբ հետաքննություն էին սկսել:
Դեկտեմբերի 4-ին Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը ներողություն էր խնդրել քաղաքացիներից երկրում ռազմական դրություն հայտարարելու հետ կապված իրավիճակի համար և հրաժարական էր տվել։