Սիրիական բանակի հետագա ճակատագիրը պարզ չէ և կախված կլինի նոր հրամանատարության որոշումներից, Sky News Arabia-ին հայտնել է Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին։
«Սիրիական բանակի ճակատագրի մասին պատասխան չունեմ, դա կախված կլինի նրանից, թե ով կստանձնի հրամանատարությունը»,- ասել է ալ-Ջալալին:
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ նա առաջնահերթ խնդիր է անվանել «անվտանգության ամրապնդումը» հանրապետությունում՝ հավելելով, որ «Սիրիայի ժողովուրդը վերջին տարիներին հոգնել է»։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։