2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ նոյեմբերին կազմելով 1,4%, հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։
12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ հոկտեմբերին կազմելով 0,6%, հավելել են ԿԲ-ից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ 2024-ի 3-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը շարունակել է թուլանալ՝ կազմելով 5,2%:
«Տնտեսական աճի դանդաղմանը զուգընթաց՝ թուլացել է նաև կենտրոնացվածությունը»,- նշել են ԿԲ-ում։
ԿԲ-ի գնահատմամբ՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին:
«Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ։
ԿԲ-ի տվյալներով՝ 2024-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են:
«Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միջազգային ապրանքահումքային շուկաներում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված աշխարհաքաղաքական խնդիրներով, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ»,- ընդգծել են ԿԲ-ից՝ նշելով, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:
ՀՀ ԿԲ-ից տեղեկացրել են նաև, որ ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7,00%։
«Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար»,- շեշտել են ԿԲ-ից։
ԿԲ-ից հայտնել նաև, որ 2024-ի 2-րդ եռամսյակի արդյունքներով` գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 13,8%՝ շուրջ 2 տոկոսային կետով բարձր 2023-ի համապատասխան եռամսյակի համեմատ: Մյուս կողմից՝ պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակը, ըստ ՊԵԿ տվյալների բազայի, վերջին մեկ տարում մոտ 34 հազարով աճել է: