Ըստ բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-գաստրոէնտերոլոգ Ռուստեմ Սադիկովը պատմել է, թե ինչպես են որոշ ցիտրուսային մրգեր նպաստում նյութափոխանակության արագացմանը և քաշի կորստին: Doctorpiter.ru-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ այդ ազդեցությունը հիմնականում կապված է վիտամին C-ի և դրանց բաղադրության մեջ պարունակվող բնական լիմոնենի հետ:
Վիտամին C-ն առանցքային դեր է խաղում նյութափոխանակության մեջ՝ մասնակցելով կոլագենի սինթեզին և ռեդոքս գործընթացներին, հավելել է բժիշկը։
«Լիմոնենն ունի հակաօքսիդիչ հատկություններ և կարող է նվազեցնել մարմնի բորբոքումները, բարելավել լյարդի աշխատանքը: Սա, իր հերթին, լավ է ազդում նիհարելու գործընթացի վրա։ Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել թուրինջին։ Այն պարունակում է նյութափոխանակության արագացմանը և արյան մեջ ինսուլինի մակարդակի իջեցմանը նպաստող նյութեր: Կիտրոնը նույնպես հիանալի ընտրություն է։ Մանդարինն ու նարինջը հարուստ են նաև վիտամիններով և հանքանյութերով, որոնք նպաստում են մարմնի ընդհանուր ամրապնդմանը, աջակցում են քաշի կորստի գործընթացին»,- ընդգծել է մասնագետը։
Միևնույն ժամանակ բժիշկը խորհուրդ չի տվել տարվել «ցիտրուսային սննդակարգով» և հաշվի առնել առողջության առանձնահատկությունները:
«Հսկայական քանակությամբ ցիտրուսային մրգերի օգտագործումը չի երաշխավորում քաշի արագ և զգալի նվազում: Արդյունքն ավելի ցայտուն կլինի հավասարակշռված դիետայի, կանոնավոր ֆիզիկական գործունեության և բավարար քանակությամբ ջրի հետ համատեղ։ Մեծահասակներին օրական խորհուրդ է տրվում ուտել ոչ ավելի, քան 200-300 գրամ թարմ ցիտրուսային մրգեր»,- եզրափակել է նա։