Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միություն և Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքի նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինթներն Ադրբեջանի օգտին կաշառք վերցնելու մեղադրանքով կկանգնեն դատարանի առաջ, հայտնել է Münchner Merkur-ը:
Մյունխենի Բարձրագույն տարածաշրջանային դատարանն ընդունել է Մյունխենի դատախազության կողմից առաջադրած մեղադրանքները, դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին:
ՔԴՄ-ից նախկին պատգամավոր Ֆիշերը մեղադրվում է կաշառակերության, իսկ ՔՍՄ-ից նախկին պատգամավոր Լինթները՝ պաշտոնատար անձանց կաշառելու մեջ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումների կայացման վրա ազդելու համար: Երկուսն էլ հերքում են մեղադրանքները: Ենթադրվում է, որ Լինթները մի քանի միլիոն եվրո է ստացել արտասահմանյան ընկերությունների միջոցով, որոնց մի մասը փոխանցել է այլ պատգամավորների, որոնք պետք է ազդեին Ադրբեջանի օգտին որոշումների վրա, մինչդեռ Ֆիշերը, ըստ տեղեկությունների, ստացել է 21 800 եվրո՝ ադրբեջանամետ ելույթների և փաստաթղթերի արտահոսքի դիմաց:
Մեղադրանքները վերաբերում են այն գործողություններին, որոնք կատարվել են 2014 թվականից, երբ Գերմանիայում անօրինական էր դարձել միջազգային խորհրդարանի անդամների վրա ազդելը: Հետաքննությամբ բացահայտվել է ևս երկու կասկածյալ, որոնցից մեկը մահացել է:
2021-ին Deutsche Welle-ը հայտնել էր, որ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները քվեարկել էին ԵԽԽՎ-ում Ադրբեջանից գումար ստանալու հետ կապված կոռուպցիոն հետաքննության մասնակից Ֆիշերին անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Բունդեսթագը նրան անձեռնմխելիությունից զրկել էր, որպեսզի քննչական մարմիններին խուզարկություններ անցկացնելու և հանցանշաններ առգրավելու իրավունք տար:
Լինթների՝ Ադրբեջանի օգտին լոբբիստական աշխատանք տանելու մասին Deutsche Welle-ը գրել էր 2017-ին՝ հայտնելով, որ 2013-ին Լինթները ղեկավարել է Ադրբեջանի ընտրությունների դիտարկման գերմանական 36 հոգանոց առաքելությունը։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ «Ալիևի վերընտրվելը համապատասխանել է գերմանական չափանիշներին»։ Ըստ ԶԼՄ-ների՝ նա այդ ծառայության համար ստացել էր 61 000 եվրո (84 000$):
2024-ի հունվարին Մյունխենի գլխավոր դատախազությունը Բունդեսթագի երկու նախկին պատգամավորի Ադրբեջանի ռեժիմի օգտին կաշառք վերցնելու համար մեղադրանք էր առաջադրել։