Հայաստանի իշխանություններն արգելել են քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը երկիր, հայտնել է Ռուսաստանի հայերի միությունը:
«Ծնողների շիրիմներին այցելելու համար Հայաստան ժամանած Անդրանիկ Միհրանյանին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ասել են, որ նրա մուտքը երկիր արգելված է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Ռուսաստանի հայերի միությունը նշել է, որ Միհրանյանը Երևան է ժամանել միության ղեկավար Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում:
Նշվում է, որ պատվիրակության բոլոր անդամներին, բացի Միհրանյանից, թույլ են տվել անցնել «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ անձնագրային կետ:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2023 թվականի սեպտեմբերին հայտնել էր, որ Միհրանյանը, ի թիվս մի շարք այլ ռուս գործիչների, Երևանի կողմից ընդգրկվել է «սև ցուցակում»։
Հայաստան մուտքի արգելք էր սահմանվել նաև Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի նկատմամբ: