Առնվազն երեք մարդ մահացել է Մոզամբիկում Չիդո արևադարձային փոթորկի հետևանքով, որը երեկ՝ դեկտեմբերի 15-ին, հարվածել է աֆրիկյան երկրի հյուսիսային շրջաններին, հայտնել է հարավաֆրիկյան SABC ռադիոկայանը։
Կայքի տեեկությամբ՝ 60 մ/վ արագությամբ սաստիկ քամին և հորդառատ անձրևները շարունակվում են։ Փոթորիկը շարժվում է հյուսիսային Մոզամբիկով:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Գայ Թեյլորը հայտնել է, որ փոթորկից վնասվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ։
Դեռևս չկա ամբողջական պատկեր, թե ինչ է կատարվում երկրի հյուսիսում, ասել է Մոզամբիկի Ազգային օդերևութաբանության ինստիտուտի ղեկավար Ադերիտո Արամուգեն։ «Կապը կորել է Կաբո Դելգադո նահանգի մայրաքաղաք Պեմբա քաղաքի հետ։ Կան նախնական ապացույցներ զգալի վնասի մասին»,- ասել է նա:
Շիդոն մոտակա ժամերին կհասնի Զիմբաբվե և Մալավի, վտանգի տակ են նաև Անգոլան, Բոտսվանան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Տանզանիան, Հարավային Աֆրիկան և Էսվատինին։
Շիդո փոթորիկը սկիզբ է առել դեկտեմբերի 7-8-ը Հնդկական օվկիանոսի հարավ-արևելքում։ Այնտեղից նա սկսել է շարժվել դեպի արևմուտք։ Այն արդեն անցել է Մայոտ կղզին՝ խլելով 14 մարդու կյանք: