Դատախազը դատարան է ուղարկել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարի կողմից կաշառք ստանալու գործը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի՝ տնօրենի նախկին պաշտոնակատարը երկու ուսանողի հետ պայմանավորվել է, որ դասապրոցեսներին չներկայանալու և չմասնակցելու պայմաններում, հերթական կուրս փոխադրվելու դիմաց, նրանք վերանորոգեն Կապանի մասնաճյուղի վարչական շենքի լսարաններից մեկը։
Նշվում է, որ տնօրենի նախկին պաշտոնակատարը դրդել է դասախոսներին, որպեսզի վերջիններս ուսանողների հաճախումների հաշվառման մատյաններում չարձանագրեն վերոնշյալ ուսանողների բացակայությունները: Արդյունքում՝ ուսումնական հաստատությունից հեռացվելու փոխարեն՝ 1 միլիոն 152 հազար դրամին համարժեք վերանորոգման աշխատանքներ կազմակերպելու դիմաց, տնօրենի նախկին պաշտոնակատարի հրամանով վերոնշյալ երկու ուսանողներն ապօրինի փոխադրվել են հերթական կուրս:
Քրեական վարույթով հիմնավորվել է, որ տնօրենի նախկին պաշտոնակատարը կատարել է իրեն վստահված դրամական միջոցի հափշտակություն և պաշտոնեական կեղծիքներ:
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ապօրինի գործողության համար խոշոր չափերով կաշառք ստանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով), 46-457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելուն դրդելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 2 տարի ժամկետով), ինչպես նաև 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 2 տարի ժամկետով) (11 դրվագ) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` վստահված գույքը հափշտակելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 5 տարի ժամկետով) (11 դրվագ):
Սեպտեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի 20 աշխատակցի էր բերման ենթարկել, որոնց թվում էր ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, որը սեպտեմբերի 23-ին ազատվել էր աշխատանքից։ Նրան մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու և պետության կողմից վստահված խոշոր չափերով դրամական միջոցների հափշտակության հոդվածներով։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ գործով ներգրավված ուսանողներից մեկը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի եղբայրը՝ Հովհաննես Փարսյանն է։ Հոկտեմբերի 3-ին նա կալանավորվել էր համալսարանում կոռուպցիոն գործով, սակայն դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը։ Կապանի քաղաքապետը դեկտեմբերի 5-ին «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում իր ընտանիքին պատկանող բիզնեսների դեմ քրեական գործեր հարուցելը կապել էր իր քաղաքական գործունեության հետ։