Բոլիվիայի Տարիջայի դեպարտամենտի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին մարդկանց թրաֆիքինգի համար, հայտնել է El Deber թերթը։
Ըստ լրատվամիջոցի՝ առաջիկա օրերին դատարանը պետք է օր նշանակի նախկին նախագահին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը քննարկելու համար։
Մեղադրանք է առաջադրվել նաև թրաֆիքինգի ենթադրյալ զոհի մորը։ Քննիչների խոսքով՝ 15-ամյա աղջկա ծնողները նրան ծանոթացրել են Մորալեսի հետ՝ պետական հատվածում կարիերա ստեղծելու համար։
Հոկտեմբերի սկզբին Բոլիվիայի արդարադատության նախարար Սեզար Սայլեսը հայտնել էր, որ նախկին նախագահի հետ հարաբերությունների արդյունքում անչափահասը հղիացել է։
Հոկտեմբերի 4-ին Բոլիվիայի նախկին նախագահին մեղադրել էին դեռահասի նկատմամբ սեռական ոտնձգության համար։