Արցախից բռնի տեղահանվածները նամակ են ուղղել Շվեյցարիայի խորհրդարանին և կառավարությանը՝ կոչ անելով Արցախյան հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։
«Հազարավոր արցախցիների անունից խնդրում ենք ստեղծել միջազգային հարթակ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների քաղաքական, գույքային և սոցիալական իրավունքները քննարկելու ու պաշտպանելու համար, որոնք խախտվել են ի հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի»,- ասված է նամակում։
Նամակում ընդգծել են, որ ուժային «կարգավորումը» միջազգային իրավունքի՝ մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի կոպիտ խախտում է։
«Ղարաբաղում ուժի և ցեղասպանության անպատժելիությունը նախադեպ է ստեղծում ուժային լուծումների համար այլ հակամարտություններում՝ լինի դա Ուկրաինայում, թե Մերձավոր Արևելքում, որտեղ հարցերը լուծվում են զենքով, այլ ոչ թե բանակցություններով և հումանիտար արժեքներով։ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերադարձը միջազգային հարթակ կարող է նպաստել բանակցությունների փուլին՝ գլոբալ հակամարտությունները լուծելու խաղաղ ճանապարհով՝ առանց զենքի և բարբարոսական ուժի կիրառման»,- հավելել են բռնի տեղահանվածները։
Նրանք Շվեյցարիայի գործադիր մարմիններին կոչ են արել որպես հիմք ընդունել հոկտեմբերին ընդունած բանաձևը, և սկսել դիվանագիտական գործընթաց՝ ի հեճուկս Բաքվի այն հայտարարությունների, թե «ղարաբաղյան հարցը լուծված է»։
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հոկտեմբերին երկրի իշխանություններին կոչ էր արել ԼՂ հայերի վերադարձի թեմայով համաժողով կազմակերպել։ Դաշնային խորհրդի (ստորին պալատ-խմբ․) արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել էր բանաձև՝ հորդորելով Շվեյացարիայի իշխանություններին կազմակերպել խաղաղության համաժողով, որի նպատակն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունն է։