Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ, հայտնել են դատախազությունից։
Գերատեսչությունը տեղեկացրել է, որ 6 անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ, դրամական միջոցներինը՝
97 մլն 371 հազար դրամ:
Դատախազությունից հավելել են, որ 2024 թվականի դեկտեմբերի 6-ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել դատախազության՝ Դավթյանին առնչվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը:
Հոկտեմբերի 11-ին Դավթյանին հրավիրել էին Գլխավոր դատախազություն՝ իր գործի նյութերին ծանոթանալու համար։ Դավթյանը երկու անգամ աշխատել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում՝ 2018-2020 թվականներին և 2021-2022 թվականներին։ 2021 թվականի նոյեմբերին նրան մեղադրանք էր առաջադրվել անորակ հրթիռներ մատակարարելու գործով։