Դեկտեմբերի 25-ին՝ սկսած ժամը 19։00-ից, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ամանորյա տոնական դիմակահանդես։
Համերգասրահի շքեղ սրահները լի կլինեն կենդանի երաժշտությամբ, պարերով ու ամանորյա ջերմ տրամադրությամբ:
«Համերգասրահի պատմական շենքից լսվող զանգերի ղողանջը և փողային նվագախմբի կատարումներն Աբովյան փողոցը կլցնեն տոնական շնչով, իսկ դահլիճի նախասրահում գործող ամանորյա տոնավաճառը յուրահատուկ տրամադրություն կփոխանցի բոլոր մասնակիցներին»,- խոստացել են կազմակերպիչները։
«Չայկովսկի» երիտասարդական նվագախումբը դիրիժոր Դավիթ Մարուխյանի ղեկավարությամբ կներկայացնի Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների կարնավալը» (մենակատարներ՝ Լիլիթ Զաքարյան, Անահիտ Դիլբարյան)։
«Համերգային մասից հետո պարասրահը կլցվի էլեգանտ առեղծվածով, հանդիսատեսին կտրամադրվեն դիմակներ՝ ավելացնելով երեկոյի հմայքը։ Մասնակիցները կարող են վայելել հրապուրիչ պարային կատարումներ և պարել՝ դիմակահանդեսի նրբաճաշակ մթնոլորտում։ Տոնական երեկոն կշարունակվի արդեն սրահի ներքնահարկում՝ DJ SunBurn-ի հետ։ Կրակոտ երաժշտական ռիթմերի և լուսային միստիկ շոուի ուղեկցությամբ մասնակիցները կարող են պարել մինչև ուշ գիշեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տոմսերը նախապես գնելու դեպքում կարժենան 10 000-15 000, մուտքի մոտ՝ 20 000 դրամ։