Գյումրիում քաղաքապետի փրայմըրիզից (նախնական ընտրություն-խմբ․) «Քաղաքացիական պայմանագրի» անդամների միջև լարված հարաբերություններ են ձևավորվել, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ում ՔՊ-ական դարձրեցին, շատ լարված հարաբերություններ ունի դեռ մարզպետ չնշանակված, ԱԺ մանդատը վայր դրած Դավիթ Առուշանյանի և ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ: Օրերս թիմի ներկայությամբ լուրջ բախում է տեղի ունեցել Մինասյանի և Առուշանյանի միջև»,- ասված է հրապարակման մեջ։
Թերթի տեղեկություններով՝ քաղաքում ՔՊ մյուս անդամների հարաբերություններն էլ հարթ չեն, ինչի պատճառը քաղաքապետարանի և մարզպետարանի պաշտոնների վերաբաշխումն է:
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։ Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն Սարուխանյանն է։
Նոյեմբերի 8-ին Գյումրիի ավագանու՝ քաղաքապետի ընտրության նիստը քվորում չլինելու պատճառով տապալվել էր։
«Հրապարակ» թերթը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ի ՔՊ վարչության նիստի ժամանակ թեստ հանձնելու հանձնարարական էր տվել Սարուխանյանին։ Նոյեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սարուխանյանի՝ թմրանյութերի թեստը դրական արդյունք էր ցույց տվել։
Նոյեմբերի 22-ին Սարուխանյանը Facebook-ում թեստի արդյունքի լուսանկար էր հրապարակել և նշել, որ 20 նյութի վերաբերյալ տվյալներից 19-ն իր մոտ բացակայում է, իսկ 1-ը` բարբիտուրատները, առկա են։
Նոյեմբերի 26-ին Փաշինյանը հայտարարել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուին որոշելու համար նախնական ընտրություն (փրայմըրիզ) անցկացնելու մասին։
Դեկտեմբերի 1-ին Սարուխանյանն ինքնաառաջադրվել էր որպես Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։
Դեկտեմբերի 13-ին Փաշինյանը Մինասյանին Գյումրիի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակել։