Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել է խաղաղության պայմանագրի այն դրույթների բովանդակությունը, որոնք չեն համաձայնեցվել Երևանի և Բաքվի միջև։ Այս մասին Ալիևը խոսել է «ՌԻԱ Նովոստիին» և ВГТРК-ին տված հարցազրույցում։
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Խաղաղության պայմանագրի 17 կետից մնում է համաձայնեցնել 2 կետը պայմանագրի՝ Միջազգային դատարաններում կողմերի փոխադարձ պահանջներից հրաժարվելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների տեղակայման արգելքի դրույթները։
«Դրանցից մեկը վերաբերում է միմյանց դեմ միջազգային դատարաններ դիմելուց զերծ մնալուն։ Կարծում եմ՝ սա երկուստեք ընդունելի հոդված է։ <…> Մեկ այլ հոդված վերաբերում է այլ երկրների ներկայացուցիչների մեր սահմանին չտեղակայելուն»,- ասել է նա։
Ալիևը «փոխադարձ ընդունելի» է համարել միջազգային դատարաններում կողմերի հայցերից հրաժարվելու առաջարկը, քանի որ կարծում է, որ իբր Հայաստանը 30 տարվա ընթացքում Ադրբեջանին ավելի քան 150 միլիարդ դոլարի վնաս է պատճառել։
Նա հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կազանում հոկտեմբերի 24-ին կայացած հանդիպման ժամանակ զգացել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնության գալ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
Ալիևը նաև մեղադրել է Երևանին լայնածավալ սպառազինության մեջ և ասել, որ Բաքուն ստիպված էր ընդունել 5 միլիարդ դոլարի ռեկորդային ռազմական բյուջեն ի պատասխան։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ Երևանը չունի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ վերցնելու որոշում, նա շարունակում է համապատասխան ընթացակարգերով պահանջվող քայլերը՝ դրանց քննարկումն ապահովելու համար։
Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, Երևանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային պահանջներից։