Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ առողջապահության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից բռնագանձել 6 անշարժ գույք, 1 միլիարդ 723 միլիոն դրամ, հայտնել են դատախազությունից։
Մասնավորապես, դադատարանից պահանջել են բռնագանձել 1 անշարժ գույք Երևան քաղաքում, 1 անշարժ գույք Ծաղկաձորում, 3 անշարժ գույք Արտավազ գյուղում, 1 անշարժ գույք Արտաշատ քաղաքում և 1 տրանսպորտային միջոց։ Թվարկված գույքերի շուկայական արժեքը, ըստ դատախազության, կազմում է ավելի քան 628 միլիոն դրամ։
«Պահանջ է ներկայացվել բռնագանձել Երևան քաղաքում գտնվող երկու գույք, որոնց շուկայական արժեքների հանրագումարը կազմում է ավելի քան 53 միլիոն դրամ։ Բռնագանձման ենթակա են նաև 3 իրավաբանական անձանցում ունեցած մասնակցություններ, ավելի քան 69 միլիոն դրամին համարժեք փոխառության պահանջի իրավունք և շուրջ 32 միլիոն դրամին համարժեք ավանդ»,- տեղեկացրել են դատախազությունից։
Դատախազությունը դատարանից պահանջել է նախկին նախարարից բռնագանձել նաև 1 միլիարդ 569 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Յոլյանին առնչվող հայցադիմումը վարույթ էր ընդունել դեկտեմբերի 2-ին։