ՀՀ ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի՝ ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի գործով նախաքննությամբ պարզվել է, որ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել «Ուրալի» անսարքության պատճառով, տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
««Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել: Դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն և Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են զորամասի տեխնիկական մասի պետին և զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին, սակայն վերջիններս երթը չթույլատրելու մասով որևէ գործողություն չեն կատարել»,- հայտնել են ՔԿ-ից՝ հավելելով, որ նախաքննությունն ավարտվել է դեկտեմբերի 16-ին։
Նշվում է, որ ավտոհավաքակայանում Վ.Պ.-ն և Ս.Հ.-ն մեքենան փաստացի չեն ստուգել՝ սահմանափակվելով միայն ձևական գործողություններ կատարելով։
«Արդյունքում՝ անսարքություններ չեն հայտնաբերվել և թույլատրվել է երթը, որի հետևանքով ավտոմեքենան տեխնիկական անսարքության պատճառով հայտնվել է ձորում»,- հավելել են ՔԿ-ում։
Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի, զորամասի տեխնիկական մասի պետի, ավտոմոբիլային ծառայության պետի, զորամասի հրաձգային գումարտակի 2 հրամանատարների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով)։ Քրեական հետապնդում է հարուցվել նաև զորամասի տեխնիկական մասի հսկիչ-պետի նկատմամբ՝ ՔՕ 538-րդ հոդվածի 4-րդ մասով մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով):
Դեկտեմբերի 16-ին մեղադրական եզրակացությամբ քրվարույթն ուղարկվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազություն:
Ապրիլի 12-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և վիրավորների մասին: Վթարի հետևանքով մահացել էին Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ ՔԿ-ն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել էր քրեական վարույթ։ Մայիսի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ վթարի գործով ՊՆ N զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել։