ՀՀ կառավարությունը կփոխհատուցի զոհված և դատական կարգով անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայություններից երկրորդ անգամ օգտվելու ծախսերը։ Նախագծին կառավարությունը հավանություն տվեց դեկտեմբերի 19-ի նիստում։
Կառավարությունը փոհատուցում տրամադրելու որոշումն ընդունել էր 2022-ին։ Այդ ժամանակ ընդունված նախագծով զոհվածների ծնողներն անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու էին փոխնակ մոր ծառայությունից միայն մեկ անգամ և ձեռք էին բերելու դոնորական ձվաբջիջ։
2024-ի դեկտեմբերին առաջարկվող նախագծի նպատակը փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու հնարավորության ապահովումն է: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոխհատուցումը կտրամադրվի առավելագույնը երկու անգամ՝ յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ծրագրի մեկնարկից՝ 2022-իմայիսից սկսած փոխնակ մոր ծառայություններից օգտվել է շուրջ 60 շահառու ծնող, ամբողջովին կամ մասնակի փոխհատուցում տրվել 27 շահառուի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանխատեսմամբ՝ փոխնակ մոր ծառայություններից 2-րդ անգամ օգտվելու համար դիմող շահառուների թիվը 2025 թվականին առավելագույնը կարող է կազմել 2-3, որի դեպքում անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կկազմի 11-16.5 մլն դրամ:
«Նախատեսվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու համար շահառու ծնողների կողմից դիմում ներկայացնելու դեպքում փոխհատուցումը հատկացնել 2025 թվականին։ Ծրագրի համար 2025 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվել է նախատեսել 82 մլն դրամ»,- ասված է նախագծում։