Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը կարող է չվերադառնալ դեկտեմբերի 18-ին ձևակերպած մեկշաբաթյա արձակուրդից, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
Թերթի տեղեկությամբ՝ Փաշինյանը զայրացած է Մովսիսյանի վրա, քանի որ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին թմրանյութի կասկածանքով բերման ենթարկելուց հետո մարզպետը հրապարակավ կասկածի տակ է դրել ոստիկանության գործողությունները։ Նա, ըստ թերթի, հայտարարել է, որ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը լարված հարաբերություններ ունի իր խորհրդականի հետ։
Լրատվականը գրել է, որ այնուամենայնիվ խորհրդականին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոց պահելու, տեղափոխելու, իրացնելու հոդվածերով, իսկ մարզպետին արձակուրդ են ուղարկել՝ իբր քննությանը չմիջամտելու նպատակով։
Մարզի ՔՊ ներկայացուցիչները իշխանական վերնախավին փոխանցել են, որ մարզպետն ամբողջ օրը խորհրդականի հետ է լինում, և պետք էր նրան էլ անակնկալ ուղարկել թմրանյութի թեստ հանձնելու, և բողոքել են նրանից, որ իր ազգականներին պաշտոնների է նշանակել:
Դեկտեմբերի 16-ին խոշոր չափի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել Մովսիսյանի օգնական-խորհդական Արմեն Մարկոսյանը։ Նրա մոտ հայտնաբերել են խոշոր չափի «մարիուխուանա» տեսակի թմրամիջոց։