Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անօրինական է համարել հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը, հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։
«Դատարանը բավարարել է վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ իմ կողմից ներկայացված բողոքը՝ այդ որոշումը համարելով անօրինական։ Դատարանը վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցրել է նոր քննությամբ վերացնել տուժողի իրավունքների խախտումը»,- մանրամասնել է փաստաբանը։
Սեպտեմբերին Ասլանյանը տեղեկացրել էր, որ հսկող դատախազի որոշմամբ հղի կնոջը վրաերթի ենթարկելու վարույթը կարճվելու է, իսկ ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ բողոքարկելու է դատախազի որոշումը։
2022-ի ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան մահացու վրաերթի էր ենթարկել հղի Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ ՃՈ մեքենայի վարորդը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։