Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ կոչ անելով ազատել հայ գերիներին։
Բանաձևում հատուկ ուշադրություն է դարձվում 23 հայ ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմական և քաղաքական նախկին ղեկավարներին և բոլոր քաղբանտարկյալներին անհապաղ ազատելու պահանջին։
Դեկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ ԶԼՄ-ների ճնշման մասին բանաձևը։ Փաստաթուղթը ԵՄ ղեկավարությանը կոչ է անում նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։
Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են նաև ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կասեցումը։ Բանաձևի քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած խորհրդարանական քննարկումը, որի ընթացքում Եվրախորհրդարանի ներկայացուցիչները բարձրացրել էին հայ պատանդների և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման հարցերը։
Պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը կոչ է արել փոխել Եվրախորհրդարանի մոտեցումը և խստացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները՝ կապված արցախցիների զանգվածային վտարման հետ։
«Մարդու իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են, Ադրբեջանը մամուլի ազատության առումով վատագույն երկրներից է։ Human Right Watch (HRW)-ը նաև փաստագրել է խոշտանգումները և նվաստացուցիչ վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, որոնք կալանավորվել են Լեռնային Ղարաբաղում ռազմագործողությունից հետո»,- ասել է պատգամավոր Մարինա Մեժերը:
Դեկտեմբերի 17-ին Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։
Բաքուն հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023թ․ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը: