Հայաստանը, Կիպոսն ու Հունաստանը ստորագրել են պաշտպանության համագործակցության 2025-ի ծրագրերը, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Ըստ հրապարակման՝ այն ստորագրվել է դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի ունեցած Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունների շրջանակում: Հայաստանը նրկյացրել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի մասնակցությամբ։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները, նշել է ՊՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը ծավալային և բովանդակային առումով զգալի առաջընթաց է գրանցել և ընդգրկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք առավել երկարաժամկետ, համակարգային աշխատանք են պահանջում։
Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում նոր մոտեցումների և չափորոշիչների ներդրման հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական վերջին զարգացումներին։ Կողմերը կարևորել են պաշտպանական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։
Հուլիսի 12-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել էր Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համաձայնագիրը։
Ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Նիկոս Դենդիասն ստորագրել էին 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Աթենքում։ Դենդիասը մարտին հայտարարել էր Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում քառակողմ համագործակցության մասին: