Շիրմաքարեր պատրաստելու պատրվակով Ա.Ն.-ն զոհված զինծառայող եղբայրների ծնողից ավելի քան 4 մլն դրամ է հափշտակել, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
«Դեկտեմբերի 7-ին ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով շուրջ 4 մլն 807 հզր ՀՀ դրամ է հափշտակել վերջիններիս ծնողից, իսկ հետագայում տարբեր պատրվակներով հրաժարվել է վերադարձնել գումարը»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Դեկտեմբերի 9-ին հսկող դատախազը Ա.Ն.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով):
ՔԿ-ից հավելել են, որ նախաքննության շրջանակում ձեռնարկել են գործողություններ՝ Ա.Ն.-ի կողմից այլ հանցավոր դրսևորումներ կատարված լինելու հնարավոր վարկածը ստուգելու ուղղությամբ: