Կահիրեում՝ D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում, Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն Էրդողանն ասել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել այնպիսի Սիրիա, որտեղ կտիրի կայունություն ու անվտանգություն։
«Խետք է աարմատախիլ կարվի ահաբեկչությունը, փախստականները կվերադառնան իրենց երկիր կամավոր և արժանապատվորեն, անհրաժեշտ է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը»,- ասել է թուրք նախագահը։
Նա ընդգծել է, որ Սիրիայում խաղաղությունը ծառայելու է ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։
«Սիրիայի վերականգնումը կարող է իրականացվել տարածաշրջանային և միջազգային բոլոր խաղացողների մասնակցությամբ»,- ընդգծել է Էրդողանը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները։ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կազմում են տարածաշրջանային կայունության հիմքը։ Նրա խոսքով՝ երկու երկրները հնարավորություն ունեն հասնելու 30 միլիարդ դոլարի փոխադարձ առևտրաշրջանառության, իսկ դա հնարավոր է հարաբերությունների ամրապնդմամբ։
Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը երկխոսության կոչ էին արել։ Հուլիսի 8-ին Թուրքիայի նախագահը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահություն էր հայտնել, որ նոր ժամանակաշրջանում Թուրքիայի և Իրանի հարաբերությունները՝ «հիմնված խորը պատմության վրա, կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում»։ Նույն օրն Էրդողանը հայտարարել էր, որ Փեզեշքիանն «իրականում թուրք է», ոչ թե ադրբեջանցի։