ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «սուտ» է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր»:
Պատգամավորը Փաշինյանին մեղադրել է «բանակցային գործընթացը կործանելու և պատմությունը խեղաթյուրելու մեջ»։
«Պնդումը բաձարձակ սուտ է։ Դարձյալ ստում է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը համաձայնվել էին, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այդ դեպքում 1996-ից մինչև 2018 ի՞նչ էին բանակցում։ Ադրբեջանն Արցախին առաջարկում էր «ինքնավարության բարձրագույն աստիճան»։ Եթե հայկական կողմը դրան համաձայն էր, ինչո՞ւ խաղաղության համաձայնագիր չկնքվեց։ Հիմնավորումը մեկն է՝ Փաշինյանը ստում է»,- գրել է պատգամավորը։
Խաչատրյանն ընդգծել է, որ 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում Փաշինյանը հղում է կատարել 2018 թվականի հունվարին հակամարտության կողմերին ներկայացված մի փաստաթղթի վրա, որն ընդունված է կոչել «կրակովյան սևագիր»։
Պատգամավորի խոսքով՝ այդ փաստաթղթի համաձայն՝ «կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»:
«Ուշադրություն դարձրեք՝ կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։ Սա ոչ թե իմ, այլ Փաշինյանի մեջբերումն է իր ժառանգած բանակցային գործընթացի, կարգավորման առաջարկի մասին։ Հրաժարվեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների, և ունենք այն, ինչ ունենք։ Այսօր թուրքերն են Արցախում, ինչը Փաշինյանի գործունեության հետևանքն է։ Ու թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով, հայրենիքի համար պայքարած մարդկանց մեղադրելով՝ արդարացնել այս հանցագործությունը»,- հավելել է պատգամավորը։
Դեկտեմբերի 23-ին Փաշինյանն իր Facebook-յան էջում գրել էր, որ «հրադադարից հետո՝ 1994 թվականից ի վեր, բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր»։ Նա նշել էր, որ 2018-ին, ծանոթանալով բանակցային գործընթացի բովանդակությանը, «վերը նշվածը միայն ինքն իրեն է խոստովանել, քանի որ հայրենասիրությունը թույլ չի տվել այդ ամենը պարզաբանել ժողովրդին»: