ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ իր գրառումը։
«Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- գրել է նա:
Դեկտեմբերի 23-ին Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել էր, որ «հրադադարից հետո՝ 1994 թվականից ի վեր, բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր»։ Նա նշել էր, որ 2018-ին, ծանոթանալով բանակցային գործընթացի բովանդակությանը՝ «վերը նշվածը միայն ինքն իրեն է խոստովանել, քանի որ հայրենասիրությունը թույլ չի տվել այդ ամենը պարզաբանել ժողովրդին»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «սուտ» էր որակել Փաշինյանի հայտարարությունը: Պատգամավորը նրան մեղադրել էր «բանակցային գործընթացը կործանելու և պատմությունը խեղաթյուրելու մեջ»։
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի ասածներն «անհեթեթություն ու լկտի սուտ» էր անվանել։ Նրա խոսքով՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։
«Քո վրա դաջված է կապիտուլյանտի ու Արցախը հանձնողի պիտակը։ Դա ոչ սափրվելով է ջնջվելու ու ոչ էլ կեղծիք տարածելով։ Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան»,- գրել էր Շարմազանովը։