ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են Արցախի բանակցային գործընթացի հարցով բանավիճելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ իր գրառումը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նշել է, որ բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ։
«Իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար»,- գրել է նա։
Քոչարյանի գրասենյակից շեշտել են, որ 2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։
«Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի»,- ասվում է հայտարարության մեջ։
Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճ կազմակերպել։
«Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ, բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»,- նշել է նա:
Մուսինյանը հավելել է, որ այդ բանավեճն օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. «Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից ևս մերժել էին բանավեճի առաջարկը՝ նշելով, որ «ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը»։
Փաշինյանը կրկնել է բանավեճի առաջարկը, որը, ըստ նրա, «կարևորագույն նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական և աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում»։
Դեկտեմբերի 23-ին Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել էր, որ «հրադադարից հետո՝ 1994 թվականից ի վեր, բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր»։ Նա նշել էր, որ 2018-ին, ծանոթանալով բանակցային գործընթացի բովանդակությանը, «վերը նշվածը միայն ինքն իրեն է խոստովանել, քանի որ հայրենասիրությունը թույլ չի տվել այդ ամենը պարզաբանել ժողովրդին»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «սուտ» էր որակել Փաշինյանի հայտարարությունը: Պատգամավորը նրան մեղադրել էր «բանակցային գործընթացը կործանելու և պատմությունը խեղաթյուրելու մեջ»։ ՀՀԿ մամուլի քարտուղար, Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի ասածներն «անհեթեթություն ու լկտի սուտ» էր անվանել։ Նրա խոսքով՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։