Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան, Աբովյանի փողոցի բնակարանի ու Հյուսիսային պողոտայի 4 գույքի վրա կալանք է դրվել, Armenia Today-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Դատախազը քրեական գործն ուղարկել է դատարան»,- հավելել են դատախազությունից։
Գործը հսկող դատախազ Սաշիկ Ավետիսյանը Հանրային հեռուստաընկերությանը տեղեկացրել է, որ Սարգսյանը, 2006 թվականին զբաղեղնելով նախագահի օգնականի պաշտոնը՝ իր մտերիմ Սամվել Մայրապետյանի հետ համաձայնությամբ շուկայականից ցածր՝ 23 մլն 600 հազար դրամով ձեռք է բերել Մայրապետյանին պատկանող Աբովյան փողոցի բնակարանը։
Դատախազի խոսքով՝ Սարգսյանը 2013 թվականին 160 մլն դրամով ձևականորեն Մայրապետյանին է օտարել նախկինում նրանից ձեռք բերած Աբովյան փողոցի բնակարանն ու ավտոկայանատեղին, այնուհետև Հյուսիսային պողոտայում ձեռք է բերել 4 գույք։
«Սարգսյանը փաստացի Մայրապետյանին պատկանող Հյուսիսային պողոտա 5-րդ շենքի 4 անշարժ գույք 100 մլն դրամով ձեռք բերելով՝ օրինական տեսք է տվել իր կողմից հանցավոր կերպով ստացված եկամուտներին։ 2018 թվականին Հայրապետյանը կրկին շուկայականից էականորեն տարբերվող արժեքով՝ 56 մլն դրամով, Մայրապետյանից հետ է գնել Աբովյան փողոցի բնակարանը»,- հեռուստաընկերությանը պարզաբանել են դատախազությունից։
2022 թվականի ապրիլին, դատախազության տվյալներով, «Սարգսյանը հոր միջոցով Հյուսիսային պողոտայի 4 գույք 2 մլն 604 հազար դոլարին համարժեք 1 մլրդ 218 մլն դրամ արժեքով վաճառել է Ռոման Բադալյանին՝ «Վիվառոյի» համասեփականատեր Վահե Բադալյանի որդուն»։
Ավետիսյանը հավելել է, որ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան վրա արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նաև ԱՄՆ իրավասու մարմիններին։
2024-ի մայիսին դատախազությունը պահանջ էր ներկայացրել դատարանին՝ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից Երևանում և Մասաչուսեթսում (ԱՄՆ) գտնվող անշարժ գույքը բռնագանձելու համար։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ էր ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Սարգսյանին առնչվող հայցադիմումը, ըստ որի՝ դատարանը պահանջվում էր բռնագանձել 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ, ինչպես նաև ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամը։ Դատախազությունը պահանջել էր նաև բռնագանձել 255 մլն 454 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և ապօրինի ծագում ունեցող 172 մլն 486 հազար դրամ։
2023-ի հոկտեմբերին դատախազությունը hեռակա քրեական վարույթ էր հարուցել։ Նախկին նախարարը մեղադրվում է զինծառայողներին բնակարանների բաշխման գործընթացում իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ։ Նախաքննության ընթացքում Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։