Առողջապահության նախարարությունը մեկնաբանել է Արարատի մարզի «Արտաշատ» բժշկական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան՝ մի քանի ամիս չվճարված աշխատավարձերի շուրջ: Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր բժշկական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիայի մասին:
Ըստ լրատվականի՝ եթե դեկտեմբերի 27-ին գումարները չվճարվեն, ապա ԲԿ-ի աշխատակիցները կդիմեն ավելի կտրուկ միջոցների։
«Առողջապահության նախարարին չենք հավատում, որովհետև նա միայն սին խոստումներ է տալիս: Թե մարզպետը ինչ կարող է անել, չգիտենք, բայց փաստն այն է, որ երբեմնի ծաղկուն հիվանդանոցը, կարծես թե, միտումնավոր տանում են կործանման»,- կայքին ասել են ակցիայի մասնակիցները։
ԱՆ մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնեցին, որ գումարները չեն վճարվել մարզպետարանի սխալ կառավարման հետևանքով, սակայն նախարարը հնարավորինն անում է այդ հարցը լուծելու համար։
Գերատեսչությունում նշել են, որ նախարարը հանդիպել է բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ և պայմանավորվել, որ հարցին լուծում կտրվի։ Նրանք, սակայն, չեն ճշտել աշխատավարձերի փոխհատուցման ժամկետները և չեն հայտնել կենտրոնի աշխատակիցների հետ նախարարի բանակցությունների մանրամասները։
«Ես չգիտեմ` ով է բուժաշխատողների հետ խոսելիս դեկտեմբերի 27֊ը մատնանշել կամ ի՞նչ հարցով ուր է գնացել մարզպետը։ Կարող եմ ասել, որ տիկին նախարարի ուշադրության կենտրոնում է հարցը և անելու է այն, ինչ խոստացել է նրանց հետ հանդիպման ընթացքում. այն է՝ աշխատավարձի պարտքերի մարումն արվելու է հնարավորինս արագ»,- ասաց նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Ըստ Armenia Today-ի աղբյուրի՝ ԲԿ աշխատակիցները չեն վարձատրվել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար։ Մեզ հայտնեցին նաև, որ ակցիայից առաջ ԲԿ-ի ղեկավարը հանդարտեցրել է աշխատողներին՝ խոստանալով դեկտեմբերը ներառյալ վճարել նրանց։ Սակայն աշխատակիցների մի մասն, այնուամենայնիվ, գնացել է մարզպետարան։
Ավելի ուշ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ կառավարության որոշմամբ՝ Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվի ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը:
«Բժշկական այս կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը գտնվում է մեր անմիջական վերահսկողության տակ»,- գրել է նախարարը։