Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայաստանի նախկին նախագահների՝ ԼՂ հարցով իր հետ բանավեճից հրաժարվելուն։ Նա առաջարկել է հակափաստարկներ փոխանակել ժողովրդի ներկայությամբ, «այլ ոչ թե դիվանագիտական շուտասելուկներ՝ հույս ունենալով, որ մարդկանց մեծամասնությունը, այնուամենայնիվ, չի հասկանա դրանք»։
«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք: Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք և ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք՝ հույսով ու հավատով, որ, միևնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,- գրել է նա:
Դեկտեմբերի 23-ին Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել էր, որ «հրադադարից հետո՝ 1994 թվականից ի վեր, բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր»։ Նա նշել էր, որ 2018-ին, ծանոթանալով բանակցային գործընթացի բովանդակությանը, «վերը նշվածը միայն ինքն իրեն է խոստովանել, քանի որ հայրենասիրությունը թույլ չի տվել այդ ամենը պարզաբանել ժողովրդին»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «սուտ» էր որակել Փաշինյանի հայտարարությունը: Պատգամավորը նրան մեղադրել էր «բանակցային գործընթացը կործանելու և պատմությունը խեղաթյուրելու մեջ»։ ՀՀԿ մամուլի քարտուղար, Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի ասածներն «անհեթեթություն ու լկտի սուտ» էր անվանել։ Նրա խոսքով՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։
Հայաստանի նախկին նախագահներն արձագանքել էին Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանավեճի առաջարկին և մերժել այն։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ընդգծել է, որ 2018-24 թվականներին Փաշինյանը Հայաստանում ունեցել է լիարժեք իշխանություն և կրում է բոլոր իրադարձությունների ողջ պատասխանատվությունը։ Սերժ Սարգսյանի գրասենյակը Փաշինյանին խորհուրդ էր տվել բանավեճեր անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հետ, որոնք «2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել էին բանակցային ձևաչափի և սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը։