Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն բնակարանների մակերեսով, հայտնել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ մակերեսի հիման վրա իրականացված հաշվարկները թույլ են տալիս ավելի արդարացի բաշխել աղբահանության վճարները։
«Նոր համակարգը հաշվի է առնում բնակարանի մակերեսում ապրող մարդկանց թիվը։ Եթե փոքր բնակարաններում ավելի մեծ թվով մարդիկ են ապրում, վճարները նվազում են։ Օրինակ՝ 50 քմ բնակարանում, որտեղ ապրում է հինգ մարդ, վճարն ավելի նվազ կլինի։ Միջինում բնակարանների համար աճը կազմում է 80 դրամ»,- ասել է Հակոբյանը։
Ըստ քաղաքապետարանի աշխատակցի՝ մեկ սենյականոց բնակարանի դեպքում երկու բնակչի համար 400 դրամի փոխարեն քաղաքացիները կվճարեն 455 դրամ, երկու սենյականոցի դեպքում՝ 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, երեք սենյականոցի դեպքում՝ 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, չորս և ավելի սենյականոցի դեպքում՝ 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Ինչ վերաբերում է անհատական բնակելի տներին, ապա Հակոբյանի խոսքով՝ դրանց դեպքում աճը միջինում կկազմի 180 դրամ՝ մեկ տան հաշվարկով։