Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում այսօր՝ դեկտեմբերի 25-ին նախատեսված ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 23-ին կորոնավիրուսային թեստի դրական պատասխան է ունեցել։
«Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի»,- նշել է վարչապետը:
Նա տեղեկացրել է, որ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի դեկտեմբերի 26-ին սպասվող ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ:
Դեկտեմբերի 25-26-ին կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի առաջնորդները կքննարկեն քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության առանցքային ոլորտները։
ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կտևի մեկ օր, որտեղ կքննարկվի 2025 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղություններն ու այլ հարցեր։
Դեկտեմբերի 25-ին Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային հանգստավայրում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կամփոփի 2024 թվականին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները, հանդիպման ընթացքում փաստաթղթեր ստորագրել չի նախատեսվում։ Երկրների ղեկավարները պետք է քննարկեն Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքները։
Դեկտեմբերի 26-ին «Իգորա»-ում նախատեսված է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ՝ Փաշինյանի գլխավորությամբ, քանի որ այս տարի Հայաստանն է նախագահում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ):
Միջոցառմանը կմասնակցեն Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի (Կուբան՝ տեսաուղերձի ձևաչափով) առաջնորդները։