Հայաստանի պետական պարտքը մինչև 2024 թվականի վերջ կկազմի ՀՆԱ-ի մոտավորապես 49,8%-ը, ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ վկայակոչելով նախարարության նախնական գնահատականները։ Ֆինանսների նախարարության աշխատանքի արդյունքներով ասուլիսը հեռարձակվել է Armenia Today YouTube-յան ալիքով։
«Մեր նախնական գնահատումներով՝ սպասում ենք, որ ՀՆԱ-ի ցուցանիշն այս տարի կլինի 5,5%-ի շրջանակներում, պարտքի մակարդակն սպասվում է 50%-ի շրջանակներում»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ 2025 թվականին Հայաստանը պետք է վճարի շուրջ 1,6 մլրդ դոլար հիմնական պարտքի և մոտ 780 մլն դոլար՝ սպասարկման համար։ Բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորվի եվրոպարտատոմսերի թողարկման, բյուջետային աջակցության վարկերի և տեղական պարտատոմսերի թողարկման միջոցով։
«Եթե վերջին տարիներին մեծացրել էինք մեր դրամային պարտքի կշիռը, որը մոտավորապես հասել է 48%-ի, ապա մյուս տարի սա ավելի նվազելու է՝ կախված մեր կանխիկի պահանջարկից։ Այսինքն՝ արտարժութային կարիքներից ելնելով՝ որոշել ենք, որ հաջորդ տարի մի փոքր ավելի շատ ենք դոլարային պարտք վերցնելու, քան այս տարի»,- նշել է նախարարը։
Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունները պարտքի կառավարման մի քանի նոր գործիքներ են ներդրել։ Դրանց թվում է արժեթղթերի վաճառքի նոր կայքէջը, որտեղ կարելի է ուսումնասիրել տեղեկատվություն, հաշվարկել ժամկետներն ու տոկոսները, առցանց հարթակում կատարել գնումներ։ Մյուս գործիքը բորսայական աճուրդների մեկնարկն է, որը պետք է դինամիկա բերի պարտատոմսերի շուկա։ Առաջիկայում նախարարությունը ներդնելու է նաև նպատակային և գնաճի հետ կապված պարտատոմսերի թողարկման ծրագրեր՝ շուկայի գնաճային սպասումները վերահսկելու նպատակով։
Ֆինանսների նախարարության ղեկավարը նշել է, որ պարտքի մասին նոր օրենքի քննարկումները վերջնական փուլում են, և իրենք հույս ունեն այն ընդունել 2025 թվականի առաջին կիսամյակում։
«Նոր օրենքը նպատակ ունի մեր առկա օրենքը տերմինների և հասկացությունների առումով դարձնել ավելի համահունչ միջազգային պրակտիկայի հետ և ավելի թափանցիկ դարձնելու հաշվետվողականությունը և դասակարգումը, որպեսզի այն նաև համադրելի լինի այլ երկրների օրենքների հետ»,- պարզաբանել է նա։
Միակ փոփոխությունն այն է, որ երաշխիքներն այլևս չեն արտացոլվի որպես պարտքի մաս, եզրափակել է Հովհաննիսյանը։
Դեկտեմբերի 3-ին Ֆինանսների նախարարն ասել էր, որ 2025 թվականին Հայաստանում պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի 54,3%: Նա պարտքի ավելացումը կապել էր գլոբալ հարկաբյուջետային կայունության փոփոխությունների հետ և նշել, որ բնակչության ծերացման, գլոբալ տաքացման և հակամարտությունների աճի ֆոնին աշխարհի գրեթե բոլոր երկրները բախվում են ծախսերի աճի խնդրին։